Երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը[1]։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։
Սևանա լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որը թվագրվում է մ.թ.ա. 9-6-րդ դարերին։ Այն թույլ է տալիս եզրակացնել, որ անվանումը կարող է ուրարտերեն լինել. սունիա նշանակում է «լիճ»[2]։
Զարգացած միջնադարում Հայկական լեռնաշխարհի մեծ մասը միավորվում է Բագրատունիների թագավորության կազմում։ 9-րդ դարի վերջում Սյունիքի գահերեց իշխան Վասակ Գաբուռի կինը՝ Մարիամ Բագրատունին, Սևանա կղզում կառուցում է համանուն վանական համալիրը։ 921 թվականին հայոց թագավոր Աշոտ II Երկաթը, Սևանի ճակատամարտում պարտության մատնելով արաբ զորավար Բեշիրին, երկրից վտարում է արաբական զորքերն։ 10-րդ դարում ստեղծվում է Սյունիքի թագավորությունը (987–1170), և Սևանի ավազանը հայտնվում է նրա սահմաններից դուրս՝ Բագրատունիների տոհմական կալվածքում։